< Սեփական նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերը կապահովեն հետազդեցության բարձր մակարդակ
14.07.2011 Կատեգորիա Բուկլետներ (Արագածոտնի ԳԱՄԿ)
Ըստ Ս. Ղազարյան Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՋԵՐՄԱՏՆԵՐՈՒՄ


Փակ գրունտում բանջարանոցային մշակաբույսերից բարձր բերք ստանալու գործում կարեւոր նշանակություն ունի նախապատրաստական աշխատանքների ճիշտ եւ ժամանակին կատարումը

Մինչեւ վեգետացիայի սկսվելը, պետք է ավարտված լինեն ջերմատնային բոլոր տիպի կառույցների վերանորոգման եւ գրունտի ախտահանման աշխատանքները, նախապատրաստվեն ջերմատան գրունտը, սերմերը, պարարտանյութը եւ թունաքիմիկատները:

Հատկապես ձմռանը կարեւոր նշանակություն ունի ապակիների մաքրությունը: Ոչ մաքուր ապակիներն ավելի քան 40-50%-ով նվազեցնում են լույսի պայծառությունը, որը բացասաբար է ազդում բույսի աճման եւ զարգացման վրա, իջեցնում հիվանդությունների նկատմամբ բույսերի դիմադրողականությունը, բերքատվությունը եւ որակական ցուցանիշները: Այդ պատճառով էլ ջերմատների ապակիները հարկավոր է պարբերաբար լվանալ թեներսի, եւ թեդրսի կողմից: Ներսի կողմից անհրաժեշտ է լվանալ նախքան ցանքը եւ սածիլումը: Դրսի կողմից լվանալու համար պատրաստում են հատուկ լուծույթ` հետեւյալ բաղադրությամբ` 1 մաս աղաթթու, 0,05 մաս ‎‎ֆտորային նատրիում եւ 1 մաս ջուր: Լուծույթը ջերմատան տանիքի ապակիներին մղում են սրսկիչի օգնությամբ եւ, մեկ րոպե անց, լվանում մաքուր ջրով: Ապակեապատ 1 մ խորանարդ մակերեսի վրա ծախսվում է 300գ աղաթթու եւ 30գ ֆտորային նատրիում: Ջերմատան ապակիների լվացումից հետո անհրաժեշտ է կոծկել դռների եւ պատուհանների վրա եղած բոլոր անցքերը, փոխել ջարդված ապակիները:

Հողախառնուրդի պատրաստումը

Բանջարաբուծության աշխատանքներում, ծածկված գրունտի պայմաններում, կարեւոր նշանակություն ունի մշակաբույսերի սննդային ռեժիմի կարգավորումը: Հատկապես ուշադրություն պետք է դարձնել ջերմատնային գրունտի հողախառնուրդների ընտրության եւ օգտագործման վրա, այն հաշվով, որպեսզի բույսերն ապահովվեն սննդով, բարենպաստ պայմաններ ստեղծվեն դրանց արմատային համակարգի բնականոն աճի ու զարգացման համար:

Ջերմատներում բույսերն աճում են նախապես պատրաստված հողախառնուրդներում, որը պետք է ունենա համապատասխան ֆիզիկաքիմիական կազմ, օդաթափանցիկությամբ, խոնավունակությամբ, միեւնւյն ժամանակ, պարու-նակի բույսերի համար բավարար քանակությամբ մատչելի սննդատանյութեր:

Հողախառնուրդը աննպատակ, ինչպես նաեւ երկար տարիների օգտագործման հետեւանքով կորցնում է արժեքավոր բոլոր հատկությունները: Ահա թե ինչու հողն անհրաժեշտ է ամեն տարի թարմացնել:

Ջերմատան հողախառնուրդը պատրաստվում է հետեւյալ բաղադրամասերից` հող, տորֆ եւ ավազ: Քանակական հարաբերությունները պայմանական են եւ կախված են տեղի պայմաններից, տնտեսության հնարավորություններից, մշակվող մշակաբույսի առանձնահատկություններից: Լոլիկի, տաքդեղի եւ վարունգի մշակությունից լավ արդյունք է ստացվում, երբ օգտագործվող հողախառնուրդն ունի հետեւյալ քանակական հարաբերությունը` 2 մաս հող, մեկ` տորֆ, մեկ` ավազ: Պարզվել է, որ բարձր ֆիզիկաքիմիական հատկություններով օժտված հողա-խառնուրդ պատրաստելու համար հարկավոր է վերցնել 50% տորֆ, 30% ճմահող, 20% բուսահող եւ 1 մ խորանարդ զանգվածին ավելացնել 3-10մմ մեծության` 0,4 մ խորանարդ հրաբխային խարամ կամ պերլիտ: Վերջիններս բարձրացնում են հողախառնուրդի օդաթափանցիկությունը եւ   կլանողականությունը, երկարացնում ջերմատնային գրունտի օգտագործման ժամանակահատվածը: Օդի պարունա-կությունը հողում հասնում է 10-12, իսկ ընդհանուր ծակոտկենությունը` 50-60% -ի: Տորֆը նույնպես ունի մեծ կլանողական հատկություն, ուստի պարարտանյութերի մեծ չափաքանակների ներմուծման ժամանակ հողային լուծույթի խտության բարձրացման վտանգ չի առաջանում:

Մեկ հեկտար ջերմատնային տարածության համար պահանջվում է նախապատրաստել ոչ պակաս 2500-3000մ խորանարդ հողախառնուրդ:

Այսպիսով, ջերմատնային հողախառնուրդի պատրաստման ժամանակ բաղադարամասերի ճիշտ ընտրությունը, ջրաթափանց ենթահողային շերտի առկայությունը /դրենաժ/, մշակվող մշակաբույսերի սնման համակարգի ճիշտ օգտագործումը, գրունտի պարբերաբար թարմացումը հնարավորություն են ստեղծում երկարացնել հողախառնուրդի օգտագործման ժամանակաշրջանը:

Գրունտի ախտահանումը

Բանջարանոցային մշակաբույսերի երկարատեւ վեգետացիոն շրջանը, օդի բարձր ջերմությունն ու խոնավությունը նպաստում են սնկային, բակտերիալ եւ վիրուսային հիվանդությունների հարուցիչներին, ինչպես նաեւվտանգավոր վնասատուի` գալլային նեմատոդի զանգվածային զարգացմանը:

Ջերմատնային պայմաններում մշակվող բույսերը հիվանդություններից եւ վնասատուներից զերծ պահելու եւ բերքատվությունը բարձրացնելու համար նախքան ցանքի եւ սածիլման աշխատանքների սկսվելը, կարեւոր եւ անհրաժեշտ պայմաններից է ախտահանման աշխատանքների կիրառումը:

Նախքան գրունտի աշխատանքների ձեռնարկումը, անհրաժեշտ է ախտահանել ամբողջ ջերմատան տարածքը եւ շրջակայքը:

Նախանհրաժեշտ է ջերմատնից հեռացնել բուսական մնացորդները, հողը վարել երկանիվ տրակտորով, որին կցված  է կուլտիվատոր կամ հողը լավ փորել եւ փխրեցնել / վարի խորությունը պետք է  հասնի 30սմ/ : Ջերմատան պատերը, դռները, ապակիները, բույսերը կապող լարերը, ճանապարհները, գույքը, ջերմատան շրջակայքը ախտահանել 5-10 % ֆորմալինի լուծույթով:

Ոստայնատիզը, ձմեռող ձվերը, լվիճները, ջերմատնային սպիտակաթեւը ոչնչաց-նելու նպատակով սրսկել հետեւյալ նյութերի լուծույթներից որեւէ մեկով` ակարին ԽԷ (100գ/լ):

Ջերմատնային գույքը կարելի է ախտահանել կալիումի պերմանգանատի 5 % լուծույթով: Ախտահանվող մասերը առատորեն սրսկել եւ լավ թրջել լուծույթով: Ախտահանման արդյունավետ եղանակ է համարվում նաեւ ջերմատների ծխեցումը ծծմբի գազով, որը ստացվում է ծծմբի (50գ/մ քառորդ) այրումից: Նախքան ծծմբի այրումը, ջերմատան պատուհանները, դռները եւ ճեղքերը պետք է հերմետիկ փակել: Երկու օր փակ պահելուց հետո դրանք օդափոխել` մինչեւ հոտի լրիվ ցնդելը: Հողի ախտահանման արդյունավետ եղանակը` գոլորշով ախտահանումն է (շոգեհարման միջոցով):

Ախտահանման այս եղանակը կիրառելու համար հողը պետք է նախօրոք վարել, այնուհետեւ ծածկել ջերմադիմացկուն հատուկ պոլիվինիլքլորիդային, պոլիպրոկիլենային կամ պոլիէթիլենային թաղանթով, որոնք ունենում են  3,6 մ լայնություն եւ 40 մ երկարություն: Թաղանթի եզրերին դնում են ավազով լցված պարկերը, իսկ գոլորշին կաթսայատներից` E-1 տիպի հատուկ խողովակներով, 2-5-3 մթն. ճնշման ազդեցության տակ մտնում է ջերմատուն: Խողովակաշարն ունի մանր անցքեր, որոնցից գոլորշին հողին է տրվում այնքան ժամանակ, մինչեւ 30 սմ խորությունում հողի ջերմաստիճանը հասնում է 85 աստիճան C-ի: Այս ռեժիմը պահպանվում է մինչեւ 1 ժամ, իսկ ընդհանուր գործընթացը տեւում է 8-9 ժամ, որը կախված է հողի կառուցվածքից, խոնավությունից, հերմետիկ փակվելուց, կաթսայատան անխափան աշխատանքից: Հողի հնարավորիս չոր լինելը նպաստում է վառելանյութի խնայմանը: Անհրաժեշտ է այս մեթոդով շոգեհարել ջերմատան ամբողջ գրունտը:

Հողը գոլորշով ախտահանելուց հետո պետք է ջրախեղդ անել` մաքրելու համար ավելորդ աղերից: Վերջինի տեւողությունը կախված է ջրի որակից: Որքան բարձր է ջրի որակը, այնքան կարճ է ջրախեղդ անելու տեւողությունը: Դրանից հետո հողի EC-ն պետք է փոքր լինի 1,5-ից:

Այն ջերմատնային տնտեսությունները, որոնք հնարավորություն չունեն գրունտը գոլորշով ախտահանելու, պետք է այն իրագործեն քիմիական նյութերով կամ գոլորշի արտադրող հատուկ D-721  մեքենայով, որի արտադրողականությունը կազմում է 900 կգ:

Ախտահանիչ պատրաստուկներից արդյունավետ է վիդատը (օկսամիլ)(100գ/ք.մ): Մինչեւ սածիլումը կամ ցանքը, վիդատի հատիկները մեքենայի օգնությամբ ցրում են հողի մակերեսին, այնուհետեւ 5 սմ խորությամբ մտցնում հողի մեջ, եւ 20 օր հետո սկսում սածիլման աշխատանքները: Պատրաստուկի մնացորդները հեռացնոլու նպատակով արգելվում է այդ շրջանում տաքացնել հողը: Սածիլումից 10 օր առաջ, օգտագործված պատրաստուկների վերացման համար հողը փխրեցնում են եւ ջրում: Քիմիական ախտահանման ժամանակ պետք է խստորեն պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները: Պատրաստուկների հետ աշխատող անձինք պարտադիր պետք է կրեն կոմբինիզոն կամ խալաթ, գլուխներն ու ձեռքերը ծածկեն, օգտագործեն շնչադիմակներ:

Ոչ պակաս արդյունավետ է նաեւ հողի ախտահանումը սեւ սինթետիկ թաղանթների օգնությամբ: Այս դեպքում հողը վարվում է 30սմ խորությամբ, ջրվում եւ անմիջապես հերմետիկ ծածկվում սեւ թաղանթով` 15-20 օր, որից հետո բացում են եւ նորից վարում: Պետք է նշել, որ այս ախտահանումը նպատակահարմար է ամռան ամիսներին, երբ ջերմատան ջերմաստիճանը շատ բարձր է: Նման ախտահանումը նվազեցնում է մոլախոտերի սերմերի ծլման էներգիան, ինչպես նաեւ սնկային եւ վիրուսային հիվանդությունները:

Ներկայումս փակ գրունտում մակաբույսերի ոռոգումը եւ սնուցումը կատարվում են հիմնականում կաթիլային եղանակով: Ուստի, բույսերի սածիլումից առաջ, պետք է անցկացվի այդ խողովակաշարը (բույսերի շարքերին համապատասխան) եւ փորձարկվի, որպեսզի ապահովվի դրա անխափան աշխատանքը:

 

 


To top